Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ
Փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, լրագրողների և այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը:
Նախաձեռնության առաջին քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել մասնավորապես՝ փաստաբաններ՝ Արա Զոհրաբյանը, Արաքս Վարդանյանը, Նաիրա Արտաշեսյանը, բժիշկներ՝ Դմիտրի Հարությունյանը, Տիգրան Գրիգորյանը, Նունե Ներսիսյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ Արթուր Գրիգորյանը և Վարդան Կատվալյանը: Քննարկումների ժամանակ հստակեցվել են նախաձեռնության խնդիրները և հետագա գործողությունների ընդհանուր ծրագիրը:
«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը՝
1. ապակուսակցական միավորում է, որը նպաստելու է բնակչության իրազեկմանը և մարդու հետևյալ իրավունքների պաշտպանությանը՝
• Մարդն իրավունք ունի չենթարկվել առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության բժշկական կամ այլ փորձերի.
• Մարդն իրավունք ունի բժշկական միջամտությունից հրաժարվելու.
• Մարդն իրավունք ունի չկրելու օրենքով չնախատեսված և/կամ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներին հակասող օրենքներով նախատեսված պարտականություններ.
2. ձևավորել է երեք խումբ՝ իրավական, առողջապահական և տեղեկատվական, որոնք մշտապես համալրվելու են.
3. բաց է անդամակցության համար.
4. կազմակերպելու է ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-ն հրամանի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում: Նշված հրամանն ուժի մեջ է մտնելու 01.10.2021թ-ից և աշխատողների համար սահմանում է յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնել կամ պատվաստվել.
5. կատարելու է հարցումներ, կազմակերպելու է մասնագիտական քննարկումներ, ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև բողոքի ակցիաներ.
6. Երևանում և մարզերում կազմակերպելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ իրավական հալածանքներից:
«ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությունը գտնում է, որ՝
պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը (ազատ կամքը).
չի կարելի պատվաստվածների և չպատվաստվածների միջև խտրականություն դնել՝ հանրության առողջության պահպանման տեսակետից, քանի որ պատվաստվածները նույնպես կարող են վարակվել և վարակել.
չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:
Հ.Գ. «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնությանն անդամակցելու, տեղեկություններ փոխանցելու կամ ստանալու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով»: