ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին: Նա, սակայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում չէր: Բժշկի ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն:
Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր:
Բայց բժիշկն ընկճված չէր, միայն երկու թեմայով խիստ անհանգստություն հայտնեց.
նախ մտահոգված էր մեր երկրի այսօրվա իրավիճակով, սպառնալիքներով ու մարտահրավերներով, և անհանգստություն ուներ իր հիվանդների համար. «…մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ…»,- անկեղծացավ բժիշկը:
Եվ սա ասում էր մարդ, ում սուր նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են հիվանդանոց, և 5 օր է՝ բժիշկները չեն կարողանում կայունացնել վիճակը:
Լիահույս եմ, որ պրոֆեսորը շատ շուտ կկարողանա ապաքինվել և չնայած իր համար ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտներին՝ հասնել իր հիվանդներին»:
Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:
Չարչյանը օգոստոսի 23-ին կալանավորվել է։