Վիճաբանություն դատավորի և փաստաբանի միջև «Հարսնաքարի» գործով

Թարգմանիչ Արինե Հարությունյանը ներկայացավ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով վկա Դիանա Նավոյանի համար ռուսաց լեզվից հայերեն և հակառակ թարգմանություն ապահովելու համար:

Դիանա Նավոյանը հայտնեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանին սպորտային համազգեստի համար նկատողություն է արել մատուցողը: Ապա Վահե Ավետյանն ընկերոջ հետ գնացել է հագուստը փոխելու ու վերադարձել ջինսե տաբատով:

Նա չհիշեց, թե ով է առաջինը դրսում խոսելու առաջարկ արել` մատուցողը, թե՞ իր ընկերները: Դուրս գնալուց հետո մոտ քսանհինգ րոպե անց վերադարձել է Էդգարը, ապա Արկադին, ով վերցրել է սեղանին դրված ավտոմեքենայի բանալին և դուրս եկել: Դիանային ուղեկցել է Էդգարը:

Վկա հայտնեց, որ ռեստորանից մինչև մեքենան հասնելու ճանապարհին ոչ մի արտառոց բան կամ ծեծկռտուք չի նկատել և տեղյակ էլ չէ, թե իրեն ճանապարհելուց հետո է տեղի ունեցել դեպքը, թե առաջ:

Նիստի ժամանակ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի և դատավոր Դավիթ Հարությունյանի միջև վեճ առաջացավ դատական նիստը հետաձգելու հետ կապված: Պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ դատավորը նախորդ նիստի ժամանակ հայտնել էր, որ դատական նիստը կտևի մինչև ժամը 16:30-ն: Դա հաշվի պատճառով` Մարինե Թովմասյանը մեկ այլ դատարանում դատական նիստի մասնակցելու համար ժամ էր ընտրել 17:00-ն: Դատավորը չթույլատրեց նիստը հետաձգել:

Մարինե Թովմասյանը դուրս եկավ զբաղեցրած տեղից ու որոշեց նստել դահլիճում: Դատավորը պաշտպանի այդ քայլը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և սանկցիա կիրառեց` նախազգուշացում: Ավելի ուշ Մարինե Թովմասյանը նորից զբաղեցրեց դատավարական կողմերի համար նախատեսված տեղը, սակայն հարցեր չուղղեց վկային, քանի որ նա դատավորին միջնորդել էր իրեն տրամադրել վկայի ձայնագրված խոսքը հաջորդ դատական նիստի ժամանակ հարցեր տալուն նախապատրաստվելու համար: Դատարանն այդ միջնորդությունը մերժել էր:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել