ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի բոլոր նախագծերը առաջին ընթերցմամբ ընդունվեցին։
Հիշեցնենք, որ օրակարգում էր նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը։
Առաջին նախագծով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Սահմանային շերտում ընդունված կանոնների խախտման համար սահմանվելու է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով։
ՔՕ-ով նախագծով առաջարկվում է սահմանել, թե ովքեր են «իշխանության ներկայացուցիչները» և ինչ պատասխանատվություն է նախատեսվելու նրանց հայհոյելու համար։
Այսպիսով, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվելու է տուգանքով`100-500 հազար դրամի չափով:
Միաժամանակ, նախագծի նշյալ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվելու է տուգանքով` 500 հազարից 3 միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նախագծերի 2-րդ ընթերցումը նախատեսված է անցկացնել այսօր։