Ի՞նչ է կամքը

Կամքն իրենից ներկայացնում է մարդու ակտիվության հատուկ ձև: Այն մարդու կողմից իր վարքի կարգավորում է ենթադրում, մի շարք ձգտումների և հակումների արգելակում: Կամքը ենթադրում է այնպիսի տարբեր գործողությունների շղթայի կազմակերպում, որը համապատասխանում է գիտակցորեն դրված նպատակներին: Կամային գործողությունը կայանում է նրանում, որ մարդը կարողանում է իշխել իր վրա, վերահսկում է սեփական ոչ կամածին մղումները և անհրաժեշտության դեպքում ճնշում է դրանք:

Կամքի դրսևորումները, այսինքն մարդու կողմից տարբեր տիպի կամային ակտերի, կամային գործողությունների սիստեմատիկ իրագործումը, անձի այնպիսի ակտիվություն է, որը կապված է նրանում գիտակցության մասնակցության հետ: Կամային գործողությունը անպայմանորեն ենթադրում է գործողությունների մի ամբողջ շարք, որոնք նախատեսում են անձի կողմից իր ջանքերի և իրագործվող հոգեկան պրոցեսների բնույթի գիտակցվածության լայն աստիճան: Այստեղ առկա են և առաջացած իրավիճակի գնահատումը, և ապագա գործողության համար ուղիների ընտրությունը, նպատակին հասնելու, որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ միջոցների ընտրությունը և այլն:

Կամային գործունեության բնորոշ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կամային գործողությունը միշտ իրագործում է մարդը որպես անձ: Հենց այս կապակցությամբ էլ կամային գործողությունը համարվում է որպես այնպիսի արարք, որի համար մարդը լրիվ պատասխանատու է: Առավելապես կամային գործողության շնորհիվ է մարդը գիտակցում իրեն որպես անձնավորություն, գիտակցում է, որ ինքն է որոշում իր կյանքի ուղին և ճակատագիրը:

Յուրաքանչյուր կամային գործողություն ամենից առաջ ենթադրում է մարդու առջև դրված նպատակի առկայություն: Այլ կերպ ասած նա գիտակցում է այն, ինչին ուզում է հասնել այս կամ այն գործողությունների միջոցով: Սակայն կամային գործողությունը անպայման ենթադրում է նաև մեկ ուրիշ օղակ, որը հանդես է գալիս մերթ ավելի մասնատված, երբեմն էլ համադրված ձևով: Դա գործողության դրդապատճառի առկայությունն է, որը բացատրում է, թե ինչու է մարդը ձգտում տվյալ նպատակին, ինչն է նրան դրդում նախատեսվածի նվաճմանը կամ իրագործմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել