Բաց նամակ-հաղորդագրություն Ազգային անվտանգության ծառայությանը. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաց նամակ-հաղորդագրություն Ազգային անվտանգության ծառայությանը

Հուլիսի 22-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Վերաքննիչ քրեական դատարանի շենք և մի քանի համակարգիչներ առգրավել։ Ըստ Factor.am-ի աղբյուրի՝ պատճառը եղել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, որը վերաբերում է դատավորներին գործերի մակագրմանը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ տարվել է նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Դատավորներին գործերի մակագրման «ավտոմատ համակարգի» կապակցությամբ հիմնավոր կասկածներ մեկ անգամ կամ մեկ մարդու կողմից չէ, որ հայտնվել է։ Իմ և իմ փաստաբանների համար այդ կասկածներն առավել խորացան դատարաններում մեր ունեցած շուրջ 10 գործերով, որոնցից 3-ով պատասխանող կողմ ենք, իսկ 7-ով՝ հայցվոր կողմ։

Այդ գործերի ճնշող մեծամասնությամբ դրանք մակագրվել են այնպիսի դատավորների, որոնք «զարմանալիորեն» բացահայտ և անբացահայտ գաղափարական ու ազգակցական սերտ կապերի մեջ են նախկին իշխանությունների հետ։ Ըստ որում, ամենաթարմը հենց բացատրեմ այս կամ այն չափով հանրությանը հայտնի մի գործով․ երբ ո՛չ ես, ո՛չ իմ ինստիտուտի աշխատակիցները չէին կարողանում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումից հետո ՄԱՀՀԻ հիմնադրամի մասնավոր տարածքից հանել անկոչ, անհրավեր ու առանց նախնական պայմանավորված ու համաձայնություն ստանալու այնտեղ ներխուժած Գառնիկ Իսագուլյանի լրագրողուհուն՝ Թագուհի Ասլանյանին, ում՝ տարածքից դուրս չգալու «համառությունը» ոչ միայն թույլ չէր տալիս Ինստիտուտի աշխատակիցներին սեմինարից հետո վերադասավորվել քննարկումների սրահում՝ իրենց աշխատասեղանների մոտ ու շարունակել աշխատանքը /նրանց աշխատասենյակը դա է, որը քննարկումների պահին վերափոխվում է սրահի սեղանների վերադասավորման միջոցով/, այլև բարձրացրած աղմուկը խանգարում էր գերմանացի դիվանագետի հետ կողքի սենյակում իմ հանդիպմանը։ Լրագրողուհին որպես ֆիզիկական անձ /ոչ լրագրող/ դատարան էր դիմել, թե «իրեն նվաստացրել ու վիրավորել են՝ պահանջելով 1 միլիոն դրամ ու ներողություն»։

Գործը մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի աքսակալ Ռուբեն Սահակյանի ոչ հարազատ դստերը՝ Զարուհի Նախշքարյանին, ով դատավարության ընթացքում ստանձնել էր “վիրավորված” կողմի շահերի պաշտպանությունը։ Դատավորի հարազատ մայրը՝ Ռուբեն Սահակյանի կինն է ու Գոլոս Արմենի հայտնի ռուսալեզու թերթի խմբագիրը, ով նույնպես հայտնի է Ռոբերտ Քոչարյանի պոզիտիվ «լուսաբանման» ու քարոզչական աջակցության առումով։ Եվ ի՞նչ էր արել գործի քննության ավարտական փուլում ՝ անցած տարվա տարեվերջին «փաստաբանների» քվեարկությամբ «խիզախ դատավորի» տիտղոսը ստացած տիկին Նախշքարյանը․ հայցվորի փոխարեն որոշել էր, որ նա Ինստիտուտ է եկել «տեղեկատվություններ ստանալու ու տարածելու իրավունքով» և, օվ Աստվածներ, Ստյոպա Սաֆարյանը պարտավոր էր նրան տրմադարել նրա «պահանջած» տեղեկատվությունը, բայց մեծահոգի էր գտնվել ու դրա համար չէր ազատազրկել ինձ։

Բայց դրա փոխարեն, դատարանում կոլեկտիվ նայել էինք ամբողջ տեսագրությունը ու, որքան էլ այնտեղ երևում էր, որ բոլորս միասին վերցրած մի 10 անգամ պահանջում ենք դուրս գալ տարածքից իսկ “տեղեկատվություն” փնտրող տիկինը հրաժարվում է դուրս գալ, վճռում գրել էր, թե «թևից քաշել, միտումնավոր պահել ենք» տարածքում, որպեսզի նվաստացնենք ու վիրավորենք։

Ավելին՝ տիկին դատավորը աննախադեպ «խիզախ» քայլի էր գնացել՝ խախտելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ հոդված ևս․ հայցվորի փոխարեն գրել էր, որ նրան ըստ էության պետք է վիրավորած լինի ոչ միայն սաունա, դուք իմ կինը չեք, որ սաունա կամ այլ տեղ հրավիրեք» բառերը, որոնք «լրագրողուհին շարադրել էր», այլ նաև «ներխուժել» բառը, քանի որ դա, ըստ դատավորի հայտնագործության, նշանակում է զինված, զենքով, խմբակային ներխուժումը։ Իսկ հայցի առարկայի ընդլայնման իրավունք ունի միայն հայցվորը և դատավորը նրա փոխարեն դա չի կարող ու իրավունք չունի անել։

Արդյունքում, վճռում կեղծելով տեսանյութի բովանդակությունը, ստանձնելով հայցվորի բացահայտ փաստաբանի դերը, տիկին դատավորն իր խղճի հետ բարիշել էր 600․000 դրամի վրա, ու իր ավելացված 1 բառն էլ վրադիր համարել էր, որ 3 բառով ու 600,000 դրամի արժողությամբ խոցվել է Թագուհի Ասլանյանի արժանապատվությունը։

Այս թվարկված ու չթվարկված 1 տասնյակ խախտումների մատնանշումով գործը բողոքարկվեց Վերաքննիչ դատարան։ Հայցը հետ տալ-ընդունելուց հետո այնտեղ էլ կինոդիտում կազմակերպվեց և դատարանում բացահայտ ապացուցեցինք, թե ինչ է կեղծել դատավորը, ինչ խախտումներ է թույլ տվել։

Ով զարմանս՝ դատարանը ընդունեց, որ երեք բառերից մեկը՝ «ներխուժումը» դատավորն ինքնագլուխ ավելացնելու իրավունք չուներ և օրենք է խախտել, մյուս բառը վիրավորանք չհամարեց, և միայն թողեց “լկտի բառը”, որը որպես ածական առկա է ներխուժել բառի կողքը, և երկուսը միասին, ինչպես ինքս էի պարզաբանել հենց “դեպքի վայրում”, վերաբերում է գործողությանը՝ տարածք մուտք գործելու ձևին, ոչ թե անձին, ինչը սղագրված ու հիշատակված է անգամ վճռում։

Բայց դա կարևոր չէ՝ այս մի դատարանն էլ ասաց, որ ճիշտ է, տակը մեկ բառ է մնացել /որը ևս չպետք է մնար, քանի որ հենց ձևակերպումն ու իմ մեկնաբանությունը բավարար էին, որ դա չվերաբերվեր անձին ու չգնահատվեր որպես նրան ուղղված գնահատական/, և որ ողբերգություն է՝ համարեց, թե հարցականով արված ու գործողությանը վերաբերող այդ նախադասության մեջ այն անձին ուղղված վիրավորանք է, ու գնահատեց, որ այն նույնպես արժե 600,000 դրամ, մինչդեռ տիկին Զարուհի Նախշքարյանն համարել էր, որ երեք վիրավորանքն այդքան արժեն․․․

Եվ գիտեք, ով զարմանս, այս մի ատյանում էլ գործը քննող դատավորներից մեկը, ըստ մեզ հասած տեղեկությունների, մոտ ազգակցական կապ ունի Պատիվ ունեմ դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի, մյուսը՝ Գագիկ Բեգրայանի հետ /խնամի ու բաջանաղ/, մյուսն էլ ԲՀԿ նախկին պատգամավորի, նախկին իշխանությունների օրոք կառավարության երբեմնի անդամի դուստր էր․․․․

Մեր հերթական բողոքն այս գործով տարվեց Վճռաբեկ դատարան, որտեղ նկարագրեցինք այս անհեթեթությունները /ամբողջը չեմ գրում ընթերցողին խնայելու համար/՝ նշելով, որ հարցական նախադասության մի բառը, որն այն արտաբերողի կողմից տեղում մեկնաբանվել է որպես գործողության, այլ ոչ թե անձի բնութագիր, կարող է վատ նախադեպ դառնալ վիրավորանքի գործերի քննության համար, ու նաև իրավունքի զարգացման վրա ազդել, քանի որ, օրինակ, նույն տրամաբանությամբ, վերադաս ատյանի վճռով կարելի է մարդուն արդար ճանաչել, մասնակի բավարարել նրա պահանջը, կամ վերաորակել արարքը, բայց նրա ազատազրկման ժամկետը թողնել նույնը, ինչը արել է վերքաննիչը։ Վճռաբեկից մեզ բողոքի ետվերադարձով պատասխան եկավ, թե մի քիչ լավ և հանգամանորեն բացատրեք, թե ինչ ասել է իրավունքի զարգացման խնդիր։

Կրկին վկայակոչենցինք ՍԴ որոշումներ, ՄԻԵԴ նախադեպեր, ՀՀ օրենսդրություն, ամեն ամեն ինչ, ու հիմա սպասում ենք նրանց վճռին։ Հիմա էլ որպես փաստի արձանագրում մեզ գրել են, թե բա տեղյակ ենք պահում, որ մեզ ուղարկել եք ոչ թե մեր ընդունած որոշման բոլոր էջերի պատճեն, այլ միայն առաջին էջինը /իսկ մենք գիտեինք, որ իրենք ունեն իրենց ընդունած որոշման բնօրինակը/, ինչը ցույց է տալիս, թե Հայաստանում արդարադատության համար ձևական կողմը որքան կարող է խեղդել բովանդակային կողմին։ Իսկ մենք այն ուղարկել էինք սոսկ հավաստիացնելու համար, որ մեր վերախմբագրված, լրացված ու ետ վերադարձված բողոքը ուղարկել ենք ետ վերադարձնելու մասին իրենց որոշման ընդունման ժամկետից հետո՝ իրենց իսկ սահմանած օրերի ընթացքում։ Այժմ սպասում ենք այս մի դատարանի որոշմանը։

Բայց վերադառնանք դատական գործերի մակարգրմանը․ կա՛մ բացատրեք, որ ամբողջ դատական համակարգում դատավորները նախկին իշխանությունների ազգուտակն են, որոնք ջանք ու «խիզախություն» չեն խնայում անգամ օրենքների խախտումով արադարադոտթյուն իրականացնելու գործում, կա՛մ բացատրեք, թե ինչպես է պատահում, որ այս մի դատական գործը առնվազն առաջին երկու ատյաններում մակարգրվել է հենց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ճամբարը ներկայացնող դատավորներին ու ուրիշ դատավորներ չկային։

Իսկ եթե շարադրեմ, թե մնացյալ գործերով ինչ դատավորների են մակագրվել և ինչ ազգակցական կամ գաղափարական առնչություններ ունեն նրանք նախկին իշխանությունների հետ, ապա վերոնշյալ եզրահանգումը աներկբա կդառնա շատ դեպքերի համար՝ կա՛մ մեր երկրում արդարադատություն հաստատելուն լծված են բացառապես նախկին իշխանությունների ազգուտակը, կա՛մ միգուցե գործերի ավտոմատ մակագրման համակարգում ինչ-որ բան այն չէ․․․

Ըստ այդմ՝ պահանջում ու ակնկալում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն-ից, որպեսզի հետաքննեն նաև իմ բոլոր քաղաքացիական գործերի մակագրման մեխանիզմը։ Խոսքը միայն նկարագրված դեպքին չի վերաբերում․ այն ընդամենը մեկն է։ Որքան էլ դեռևս բոլոր գործերով դատավորների անձնական ու քաղաքական կապերի մասին տեղեկություններ չունենք, մնացած մակագրված որոշ՝ մեզ հայտնի դեպքերում էլ նույնատիպ վիճակ է։

Ըստ որում, բոլոր ատյաններում մեր բողոքարկումներում նշել ենք այդ անձանց կողմնակալության կապակցությամբ մեր արձանագրումներն ու փաստերը, սակայն դա «վերադաս» ատյաններին չի «հետաքրքրում»։ Նշված գործերով, իհարկե, Արդարադատության նախարարության միջոցով էլ պարտադիր դիմելու ենք ԲԴԽ-ին՝ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։ Սակայն, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը արդեն իսկ հիմնավոր կասկածներ ունի և վերաքննիչ դատարանից առգրավել է համապատասխան համակարգիչը, պահանջում և ակնկալում եմ նաև ինձ հետ կապված դատական գործերի մակագրման հարցում հնարավոր միջամտության հարցի պարզում, որի շնորհիվ դրանք մակագրվել են շատ կոնկրետ անձանց, որոնցից մի քանիսի մասին վերը գրեցինք, և որոնք օրենքների ու նախադեպերի բացահայտ խախտմամբ ի ցույց են դրել իրենց կողմնակալությունն ու շահագրգռությունները իմ արդարացի պահանջը չբավարարելու և հակառակ կողմի շահերն անթաքույց սպասարկելու առումով։

Ինքս պատրաստակամություն եմ հայտնում հրավերի դեպքում այցելել ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել, աջակցել այդ հետաքննությանը ինչպես որ կարող եմ։

Համագործակցության պատրաստակամությամբ՝

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել