Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկանում ենք, որ ՀՀ որոշ քաղաքացիներ տեղեկատվության պակասի պատճառով կամ էլ դիտավորությամբ (գաղտնի կերպով) սահմանը հատելիս իրենց հետ անցկացնում են Վրաստանի տարածքում արգելված կամ ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքներ։
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Վրաստան մուտք գործելիս խիստ անհրաժեշտ է տիրապետել ներքոնշյալ տեղեկատվությանը, որպեսզի չենթարկվեք տուգանքների, տույժերի, ինչպես նաև քրեական պատասխանատվության, որոնք սահմանված են Վրաստանի ներքին օրենսդրությամբ։
• Արգելված դեղամիջոցներ – Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։ Խնդրում ենք ստուգել ձեզ մոտ գտնվող յուրաքանչյուր պատրաստուկի կամ դեղամիջոցի բաղադրությունը, քանզի կան առաջին հայացքից ոչ խնդրահարույց թվացող այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են վերոնշյալ արգելված նյութերը։ Առանց համապատասխան փաստաթղթերի վերոնշյալ նյութերն իրենց մեջ պարունակող պատրաստուկներն ու դեղամիջոցները Վրաստան տեղափոխելը համարվում է հանցագործություն՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, և օրենքով նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։
- Ծխախոտի թույլատրելի չափաքանակ – Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել։
- Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում – 2018 թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։
- Զենք – Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։
- Գումարի թույլատրելի չափ – Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30․000 լարիի (12․000 դոլար) չափով գումար: Դրանից ավել գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն։
- Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ – Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարգրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն»։
Այս ամենից բացի, Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հստակեցրել է Վրաստան մուտքի և կեցության կարգը` օտարերկրյա այցելուների համար: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Ներկայումս Վրաստանի օդային ու ցամաքային սահմանները բաց են 53 երկրի քաղաքացիների ու ռեզիդենտների համար: Ցամաքային տրանսպորտով ճանապարհորդելու դեպքում հնարավոր է Վրաստան մուտք գործել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանային անցակետերով` ունենալով պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք ու PCR թեստի բացասական պատասխան:
Օդային ճանապարհով գալու դեպքում բավարար է միայն քովիդ անձնագիրը:
Դեռևս չպատվաստված քաղաքացիները 72 ժամվա ընթացքում արված PCR բացասական թեստով կարող են գալ, այն պայմանով, որ այցի 3-րդ օրը իրենց հաշվին կրկնակի թեստավորվեն: Սա պետք կգա երկիրը լքելիս: Թեստի բացակայության դեպքում հյուրը կտուգանվի: Այցելուները նաև պետք է օնլայն դիմում լրացնեն` նշելով անձի ու այցի հետ կապված ամբողջական տեղեկատվություն:
Նշված կարգը տարածվում է հետևյալ երկրների քաղաքացիների համար.
ԵՄ անդամ պետություններ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Օման:
Զբոսաշրջիկը պետք է իմանա և հետևի պանդեմիայով պայմանավորված նոր կարգավորումներին.
- Հանգստյան օրերին հասարակական սննդի օբյեկտների սահմանափակումներն ամբողջությամբ վերացվել են, նրանք կարող են հյուրեր ընդունել նաև ներսում:
- Վերականգնվել է հյուրանոցների աշխատանքը` ներառյալ լեռնային հանգստավայրերում, համաճարակաբանական նորմերին և կանոններին լիովին համապատասխանեցնելով.
- Ճոպանուղիները շահագործվում են լեռնային հանգստավայրերում, ինչպես նաև Թբիլիսիում` համաճարակաբանական նորմերին և կանոններին լիովին համապատասխանելով
- Վերականգնվել է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը.
- Մարզադահլիճները և ֆիթնես ակումբները բաց են՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.
- Վերսկսվել է թանգարանների և գրադարանների աշխատանքը.
- Վերսկսվել է մանրածախ առևտուրը ոչ պարենային ապրանքների, այդ թվում` առևտրի կենտրոնների և տոնավաճառների (և հանգստյան օրերին):