Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը:
Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։
Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Բակային համայցերը շարունակվում են:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ տեսչական մարմնի մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից: Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել։