ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է ՍԴ որոշմանը․
«Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը):
Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` մի շարք դրույթների սահմանադրականության ստուգման պահանջով:
Շուրջ չորս ամիս անց, ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:
Ցավում եմ, որ չորս ամիս հետաձգվեց այս կարևոր նախագծի կյանքի կոչումը, որն ակնհայտորեն որևէ խնդիր չուներ Սահմանադրության հետ, և ակնհայտ է նաև, որ ՍԴ դիմելու համար պայքարող որոշ «անկախ իրավաբաններ» ընդամենը շահագրգռված չեն դատաիրավական բարեփոխումներով:
Դատաիրավական բարեփոխումները կյանքի են կոչվելու․ շուտով կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ, այս գործերով կբարձրանա հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ :
Բարեփոխումները ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ կյանքի կոչվել․․․»,-նշել է նա։