Հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Այսպիսով, Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, ազատազրկման ձևով պատիժ կկրի 3 տարի, 6 ամիս և 23 օր։

Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:

Նշենք, որ դատավճիռը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան։ Մինչև այդ Նարեկ Սարգսյանը կալանավորված կմնա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել