Parliament monitorning-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայհոյանքին՝ ասելով․ «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»:
-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:
-Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվու՞մ եք։
-Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:
-Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական լարվածությունը կթոթափվի՞, համերաշխություն, ի վերջո, կհաստատվի՞:
-Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները աջակցեն մեր ուժին՝ 60 տոկոս ձայն տալով: Իսկ առհասարակ, ընտրական գործընթացն իր բնույթով պառակտիչ, բայց, միևնույն ժամանակ, նաև բոլորի համաձայնությունը հաստատող գործընթաց է: Այսինքն՝ ընտրությունների վերջում մենք կունենանք պատկեր, արդյունք, որը պետք է ընդունեն ի գիտություն, հաշտվեն ու առաջ անցնեն բոլորը:
-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր պլաններում չկա կոալիցիա կազմելու մտադրություն:
-Ոչ, մենք առհասարակ չենք քննարկում այդ հարցը: Մեր նպատակն է ստանալ առնվազն 60 տոկոս ձայն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։