Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մինաս Ավոյանի:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մինասին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Սուրմալու տոնավաճառում իր ծանոթ ոմն Արամից տեղեկանալով Ավան, Դուրյան թաղ. X շենքի թիվ X բնակարանի բնակիչ Արտեմ Մինասյանի կողմից արտարժույթի փոխանակմամբ զբաղվելու և նրա մոտ գումարի առկայության մասին, գումարը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, նախապես համաձայնության գալով ոմն Դավոյի, Մկոյի և Սիրակի հետ, նույն օրը նախապես գնացել են Ավան, Դուրյան թաղ. X շենք, շքամուտքի վերելակի մոտ, սպասել տուն վերադարձող Արտեմին, այնուհետև մտել վերելակ և վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ շնչահեղձության աստիճան սեղմել են վերջինիս պարանոցից, փակել բերանը և պահանջել բաճկոնի ծոցագրպանից հանել խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամի կանխիկ գումար և դեպքի վայրից դիմել փախուստի:
Մինաս Ավոյանը կալանավորված է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: