Ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը։
Տեղեկության համաձայն՝ Խլղաթյանը ձերբակալվել է ենթադրյալ կաշառք տալու կասկածանքով։
Freenews.am-ի տեղեկություններով` ձերբակալվածը 9 միլիոն դրամի կաշառք տալիս է եղել:
Իրավաբան․net-ի հետ զրույցում թեկնածուի փաստաբան Գայանե Պապոյանը նշեց, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։
«Ձերբակալման նպատակը ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակ է հետապնդում»,-նշեց նա։
Պապոյանի խոսքով՝ Խլղաթյանին բերման են ենթարկել, երբ վերջինս իր մեքենայով երթևեկելիս է եղել։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից։
Նա Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:
Խլղաթյանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակի 16-րդ համարն է։