Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10 երեխա:
Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:
Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:
Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։
Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։
Ինչպես արդեն հայտնել ենք, բացի այս, հունիսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» է ընդունվել «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ` (փսխում, սրտխառնոց, ջերմություն) Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան, որից 5֊ը բավարար վիճակով նույն օրը դուրս է գրվել։ Եվս 8 երեխա նույն ախտորոշմամբ` այլ մանկապարտեզի սաներ, ընդունվել են այսօր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։