ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սոցիալական աշխատանքի հարգելի՛ հանձնառուներ
Արցախում հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր։ Թույլ տվեք օգտագործել այս առիթը և նորից շեշտադրել ու արժևորել ձեր աշխատանքի կարևորությունը հատկապես հետպատերազմյան Արցախում։ Ձեր մասնագիտական դերակատարությունը դժվար է թերագնահատել, հատկապես այն ժամանակատահվածում, երբ պատերազմի արհավիրքը մտել է յուրաքանչյուր արցախցու տուն։ Եվ ահա նաև ձեր պրոֆեսիոնալիզմը պետք է դարման լինի վիրավոր Արցախի վերքերին։
Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմամբ և կայացմամբ հենց նպատակ ունենք ամրապնդելու պետության հոգածության հանձնառությունը յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Ձեր աշխատանքի որակը հավաստիքն է, որ մեր կողմից որդեգրած վերաբերմունքը հասարակության նկատմամբ գործնականում կիրառվում է: Մենք շարունակաբար ձեռք ենք պարզում բոլորին, ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու սոցիալական աշխատանքի ասպարեզում և համագործակցելու մեզ հետ:
Սոցիալական աշխատողի կարևորագույն հատկանիշը սրտացավ և ջանադիր աշխատանքն է, որից մեծապես կախված հասարակության տարբեր խավերի կյանքի որակի բարձրացման նպաստումը։ Կրթությունը և փորձը ձեզ կդարձնեն մասնագետ, սակայն միայն սրտացավությունն է, որ ձեր աշխատանքին կավելացնի որակ և պրոֆեսիոնալիզմ, կդարձնի իսկական սոցիալական աշխատող՝ մոտ կանգնած մարդկային խնդիրներին և դժվարություններին։
Մաղթում եմ ձեզ աննկուն կամք և նվիրում ձեր աշխատանքում, որպեսզի մեր հասարակության սոցիալապես անխոցելիությունը հաջողի և դառնա առավել քան նպատակային և իրականանալի»: