«Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքն այսօր բավարարվել է

Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Անի Քոչար Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճիռի դեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բերված վերաքննիչ բողոքը, և որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2013 վճիռը բեկանել և ուղարկել նույն դատարան` նոր քննության: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ Վերաքննիչ բողոքը հիմնավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների խախտման մասով` հետևյալ պատճառաբանությամբ: Գործում առկա են հայցվորի և «Լոյերսլո» ՍՊ ընկերության միջև 13.11.2012թ-ին, 28.05.2012թ-ին, 14.08.2012թ-ին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերը` համապատասխանաբար` 300.000 ՀՀ դրամ, 200.000 ՀՀ դրամ և 100.000 ՀՀ դրամ գումար փաստաբանական վարձավճարի սահմանմամբ: Գործում առկա են նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության կողմից 30.05.2012 թվականի, 28.08.2012 թվականի և 14.11.2012 թվականի վճարման անդորրագրերը` վերը նշված գումարները հայցվորի կողմից «Լոյերսլո» ՍՊ ընկերությանը փոխանցված լինելու մասին:

Առաջին ատյանի դատարանն ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի` վերը նշված ապացույցները գնահատման չի արժանացրել, չի նշել անգամ դրանք ընդունելու կամ մերժելու հիմնավորումները, որպիսի հանգամանքը նույնպես բավարար հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Դատարանն ուշադրության չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ անկախ նախկինում քննված գործի վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում հանդես գալու համար վճարված գումարի` որպես փաստաբանի վարձատրության, բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար, իսկ դատարանի կողմից վճռով այդ ծախսերի բռնագանձմանը չանդրադառնալու հանգամանքը չի զրկում կողմերին փաստաբանական ծառայությունների համար կատարված վճարումները առանձին հայցով բռնագանձելու իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել