Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը։
Հավելվածը նախատեսված է iOS կամ Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի (Smartphones) համար։
Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store- ից և Google Play Store- ից:
Red Book of Armenia բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։
Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։
Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը:
Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցությունն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։