Դատավորը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել․ նրա լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի հունիսի 1-ի որոշմամբ՝ դատավորի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով 2021 թվականի մայիսի 31-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի լիազորությունները դադարեցվել են։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Լևոն Արազյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (դատավորի կողմից կաշառք ստանալը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նշենք, որ ամբաստանյալի և՛ վերաքննիչ, և՛ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքները մերժվել են։

Հիշեցնենք, որ Արազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008թվականից զբաղեցնելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Գրիգոր Շամասուրյանի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձնամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը 2017թվականի մարտի 7-ին վարույթ է ընդունել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված թիվ 26150717 քրեական գործը, որով ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Հենրիկի Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Հիշյալ գործն իր վարույթում գտնվելու ընթացքում դատավոր Լևոն Արազյանն իր լիազորությունների շրջանակում ամբաստանյալ Գրիգոր Շամասուրյանի օգտին գործողություններ կատարելու. այն է՝ նախատեսված սանկցիայի շրջանակներում մեղմ պատժատեսակ՝ 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, 2017 թվականի մայիսի 4-ին իր աշխատասենյակում Գրիգոր Շամասուրյանից անձամբ պահանջել է խոշոր չափերով՝ 290.862 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար կաշառք:

Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը հրապարակելու օրը՝ 2017թվականի մայիսի 5-ին՝ դատավճռի հրապարակումից առաջ, Լևոն Արազյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գրիգոր Շամասուրյանի հետ առն այն, որ այդ օրը կհրապարակի Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը, իսկ Գրիգոր Շամասուրյանը 600 ԱՄՆ դոլար գումարը կտա նույն թվականի մայիսի 10-ին, որից հետո Լևոն Արազյանը հրապարակել է Գրիգոր Շամասուրյանի վերաբերյալ դատավճիռը՝ Գրիգոր Շամասուրյանին դատապարտելով 300.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12:40-ից 13:15-ի սահմաններում, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վեդի քաղաքի նստավայրում, Լևոն Արազյանը Գրիգոր Շամասուրյանից անձամբ ստացել է իր պահանջած 600 ԱՄՆ դոլար կաշառքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել