Անցյալը գաղջ է, ներկան դժգույն, իսկ ապագան, եթե այս համակարգը շարունակի գոյություն ունենալ՝ գորշ․ ՔՈ հայտարարություն

Երեկ՝ 31․05․2021թ․ տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների գրանցումը։ Քաղաքացու որոշում կուսակցության գրանցումը նույնպես հաստատվել է։ Ստորև՝ ՔՈ կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․

«Պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ հանդես ենք եկել ներքին կայունության, համախմբման և ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու օգտին։ Այդ նպատակով առաջարկել ենք ձևավորել չեզոք կառավարություն, որն ընդունելի կլինի բոլոր ճամբարների համար։ Այդտեղ մենք տեսնում էինք մեր մեջքը ուղղելու և այսօրվա մարտահրավերներին պատրաստ և միասնական ներկայանալու հնարավորություն։ Ցավոք, քաղաքական ճամբարներն առավելագույնը ստանալու մոլուցքը վեր դասեցին ողջամտության և ուժերի վերականգնման հրամայականից։ Եվ երկիրը ներքաշվեց մի ընտրությունների մեջ, որը կարող է էլ ավելի անկայուն և բևեռացված վիճակ ձևավորել, ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցեր առաջացնել՝ պետությունն առավել խոցելի դարձնելով ճգնաժամերի առաջ։

Այս ընտրություններն ուղիղ հակապատկերն է այն իրավիճակի, որը պահանջում էր ժողովուրդը 2018թ․՝ դնելով քաղաքական համակարգի առողջացման խնդիր։ Այդ պահանջը սպասարկելու օրակարգով ընտրված ուժը համարժեք քայլեր չձեռնարկեց այդ ուղղությամբ և ինքը թաղվեց արատավոր համակարգի բարքերի մեջ՝ առաջնորդվեց բևեռացման, թշնամանքի, թայֆայականության, օլիգարխացման սկզբունքներով։

Անցյալը գաղջ է, ներկան դժգույն, իսկ ապագան, եթե այս համակարգը շարունակի գոյություն ունենալ՝ գորշ։ Այս համակարգի նախկին և ներկա դերակատարներն անգամ չեն խորշում սեփական իշխանությունը գնելու ճանապարհին Հայաստանի ինքնիշխանությունը մանրադրամ դարձնելուց։

Քաղաքացին ու մարդը դուրս է թողնված քաղաքական գործընթացից, և այս ճամբարներն ամեն ինչ անում են, որ շարունակի դուրս մնալ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հենց այն նպատակով, որպեսզի հույսը չկորցրած, սեփական երկրի նկատմամբ իրավունքները վերահաստատելուն միտված քաղաքացիները ունենան ընտրելու և իրավիճակը փոխելու հնարավորություն։ Ինքներս տեսնում ենք այդ հնարավորությունը և ամեն ինչ անելու ենք, որ մեր մանկությունը գողացած, պատանեկությունը փչացրած, երիտասարդությունը վատնած քաղաքական համակարգը չգողանա մեր երեխաների ապագան։

Զրո քվե ճգնաժամին»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել