Ի՞նչ գործառույթներ պետք է ունենա էլեկտրոնային նոտարը

Էլեկտրոնային նոտարը կունենա հետևյալ գործառույթները

1) ամբողջական կապ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ: Նման կապի շնորհիվ նոտարը հնարավորություն կունենա կարդալու ռեգիստրում առկա տեղեկատվությունը, այն տպելու, կցելու նոտարական գործին և չպահանջելու հավելյալ փաստաթղթեր, այնպիսիք, ինչպիսիք են` իրավաբանական անձի կանոնադրությունը կամ պայմանագրի կողմեր հանդիսացող իրավաբանական անձանց վերաբերյալ այլ տեղեկատվություն, և կապահովի փաստաթղթերի հետ կապված կեղծիքների հնարավորության բացակայությունը (միաժամանակ զգալիորեն կխնայվի ժամանակ, ներկայումս գործող կարգի համեմատ, երբ տվյալները յուրաքանչյուր սուբյեկտի մասով կարդացվում են առցանց): Բացի դրանից, նոտարը հնարավորություն կունենա իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում կատարել իրավաբանական անձի տվյալների փոփոխություն (պետ. ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթ), ինչը նոտարին հնարավորություն կընձեռի քաղաքացիներին տրամադրելու կորպորատիվ իրավական ծառայություններ.

2) ամբողջական կապ անշարժ գույքի պետական ռեգիստրի /կադաստրի/ հետ:
Այն հնարավորություն կտա նոտարին կիրարկելու «մեկ պատուհան» սկզբունքը կամ պատրաստելու, ստորագրել տալու կամ ապահովելու անշարժ գույքի գրավի, առուվաճառքի, իրավունքի փոխանցման կամ այլ պայմանագրերի կատարումը և դրանից բխող իրավունքների պետական գրանցումը, ստանալու գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն.

3) ամբողջական կապ շարժական գույքի կադաստրի հետ: Այն հնարավորություն կտա նոտարին կիրարկելու «մեկ պատուհան» սկզբունքը կամ պատրաստելու, ստորագրել տալու կամ կիրարկելու տրանսպորտային միջոցների և այլ շարժական գույքի գրավի, առուվաճառքի, իրավունքի փոխանցման կամ այլ պայմանագեր, ստանալու գործարքի առարկա հանդիսացող շարժական գույքի մասին անհրաժեշտ տեղեկատվություն.

4) ամբողջական կապ ոստիկանության կողմից վարվող գրանցամատյանների հետ: Նշված կապի ստեղծման արդյունքում նոտարը հնարավորություն կունենա՝

ա. ստուգելու անձի ինքնությունը,

բ. ստանալու գործարքի առարկա հանդիսացող ավտոտրանսպորտային միջոցների մասին անհրաժեշտ տեղեկատվություն.

5) ամբողջական կապ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից վարվող գրանցամատյանների հետ: Նշված կապի ստեղծման արդյունքում նոտարը հնարավորություն կունենա`

ա. ստուգելու ինքնությունը հաստատող փաստաթղթերի իսկությունը, որպեսզի ապահովի խարդախությունների բացակայությունը` կապված նշված փաստաթղթերի հետ,

բ. ավտոմատացված եղանակով ստանալու տեղեկատվություն անձի ամուսնական կարգավիճակի մասին` համոզվելու համար, որ գոյություն չունեն երրորդ անձինք (կին և այլն), որոնց իրավունքները կարող են խախտվել և որպես հետևանք` վերացնելու այդ հիմքով պայմանագիրը վիճարկելու հնարավորությունը,

գ. տեղեկացնելու բոլոր ազգականներին / անձանց ժառանգության դեպքում, քանի որ նոտարը հնարավորություն կունենա իմանալու բոլոր ողջ ազգականների մասին համապատասխան ծրագրից, և որպես հետևանք, ոչ մի ազգական չի մատնվի մոռացության (հասցեները, օրինակ` հիմնականում հասանելի են անձնագրի ռեգիստրում).

6) լիազորագրերի տվյալների բազա: Նոտարական վավերացմամբ լիազորագրերը կտրամադրվեն էլեկտրոնային ձևով՝ նոտարների կողմից, և հասանելի կլինեն առցանց՝ համապատասխան կայքում հատուկ 12 նիշ պարունակող ծածկաբառը մուտքագրելու պայմանով: Պահանջի դեպքում թղթային տարբերակը կտրամադրվի կողմին, բայց լիազորագրի ներքևի մասում նշված կլինի, որ այդ փաստաթուղթը հանդիսանում է բնօրինակի կրկնօրինակը, իսկ բնօրինակը հասանելի կլինի համապատասխան կայքում, հատուկ ծածկաբառը մուտքագրելուց հետո: Փաստաթղթերը կարող են ստուգվել նաև արտերկրից: Բացի դրանից, բոլոր լիազորագրերը կարող են ներբեռնվել շահագրգիռ անձանց կողմից.

7) կտակների տվյալների բազա: Կստեղծվի բոլոր կտակների տվյալների միասնական բազա: Կապահովվի կտակների գաղտնիությունը (ինչպես կտակի գոյության փաստը, այնպես էլ դրա բովանդակությունը): Այն պետք է միացված լինի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին, սակայն այնպես, որ անձի մահվան գրանցումից հետո միայն հղում կկատարվի նոտարական գրասենյակին և դրանից հետո միայն նոտարը (և ազգականները) կարող են բացել կտակը: Նշված համակարգը հնարավորություն կտա ապահովելու մահացածի ժառանգական իրավունքը.

8) ներքին ակտերի բազա: Նոտարները սովորաբար մշակում են տարբեր տեսակի պայմանագրային տեքստեր և դրույթներ, որոնք ներառում են տարբեր պայմանագրերում: Այս համակարգը կապահովի, որ նոտարները կարողանան ստեղծել տիպային դրույթներ, սակայն դրանք արագորեն փոփոխեն անհատականացնելով (որոշակի պահանջներով որոշակի հաճախորդների համար) և արդյունքում զգալիորեն կարագանա գործընթացը գրասենյակում: Որպես արդյունք՝ նոտարը կկարողանա կազմել առավել լավ մշակված տեքստեր` մեծ արդյունավետությամբ: Եվ որպես հետևանք՝ մեկ նոտար հնարավորություն կունենա ծառայություններ մատուցել առավել մեծ թվով հաճախորդների` նվազեցնելով հնարավոր հերթերը.

9) հաշվետվողական գործիք: Համակարգը կարող է ավտոմատացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը տրամադրվող հաշվետվությունները և կտա տեղեկատվություն նոտարիատի հարկային մասնագետներին/հաշվապահներին` պատրաստելու բոլոր հաշվապահական փաստաթղթերը՝ հարկերի ճշգրիտ հաշվարկման և վճարման նպատակով.

10) այլ գործիքներ: Ծրագիրը հնարավորություն կտա իրականացնելու նաև հավելյալ գործառույթներ (օրինակ, կարող են քննարկման առարկա դառնալ պայմանագրեր կնքելը` հիմնվելով անձը հաստատող փաստաթղթերի (նույնականացման քարտերի) և էլեկտրոնային ստորագրության, ինչպես նաև «Skype» ծրագրով հաղորդակցության վրա, էլեկտրոնային հերթերի համակարգի, նոտարական գրասենյակներում տեսախցիկների (մուտքի մոտ) միջոցով, որպեսզի մարդիկ առցանց տեսնեն կա՞ հերթ, թե՞ ոչ և այլ ծրագրեր):

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել