Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնելուց շուրջ 5 ամիս անց հայտարարագիր չի ներկայացրել

«Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանվում է հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը։

Հոդվածի 4-րդ կետում նշվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։

___________________________________

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նախարարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածը, որով սահմանված են հայտարարագրման ժամկետները։ Օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։

___________________________________

Նույն օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն է ստանձնել Վաղարշակ Հարությունյանը։ Նա ներկայացրել է տարեկան հայտարարագիրը միայն։

Նշենք, որ մինչ ՊՆ նշանակվելը՝ 2020թ.-ի օգոստոսի 19-ից Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Հարկ է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր:

Նույն օրենքի 8-րդ հոդվածում նշվում է հայեցողական պաշտոնների մասին։ Այս հոդվածում նշվում է, որ  վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը համարվում է պետական հայեցողական պաշտոն։

Օրենքի համաձայն, հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք։ Ստացվում է, որ Վաղարշակ Հարութունյանը ևս պետք է ներկայացներ պաշտոնի ստանձման հայտարարագիր, քանի որ մինչ այս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում նրա մեկ այլ հայտարարագիր ներկայացված չէ։

___________________________________

2020 թվականի նոյեմբերի 20-ին էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը։ Նա ներկայացրել է ինչպես պաշտոնի ստանձնման, այնպես էլ՝ տարեկան հայտարարագիրը։ Նշենք, որ Առաքելյանն ազատվել է պաշտոնից 2021 թվականի ապրիլի 23-ին։

___________________________________

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրամանագրի համաձայն էլ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։

Մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը Արա Այվազյանը զբաղցրել է ԱԳՆ տեղակալի պաշտոնը 2020թ․ (հոկտեմբեր-նոյեմբեր), մինչ այդ էլ՝ Պանամայում ՀՀ դեսպանն էր (2018-2020թթ): Վերոնշյալ օրենքի համաձայն, նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից ազատված է։ Այվազյանը դեռ չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, ինչի համար, «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ժամանակ ունի մինչև մայիսի 31-ը։

___________________________________

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը ստանձնել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Մինչ այդ, Ավանեսյանը ԱՆ փոխնախարարն էր և ինրպես Արա Այվազյանի դեպքում, նա ևս ազատված է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից։ Անահիտ Ավանեսյանը ևս դեռ չի ներկայացրել 2020 թ-ի տարեկան հայտարարագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել