Կպարզվեն սահմանին տեղի ունեցած դեպքի հանգամանքները, կտրվի քրեաիրավական գնահատական․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազությունը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակում պարզել երեկ ՀՀ սահմանին տեղի ունեցած դեպքի հանգամանքները և տալ քրեաիրավական գնահատական։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

«Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,- ասված էր ՊՆ հայտարարության մեջ։

Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը երեկ՝ մայիսի 12-ին, մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցներ ու վիրավորներ չկան, սակայն թշնամին առաջ է եկել։

«Եթե GPS-ով Իշխանասարի 30 տոկոսն իրենցն էր, 70 տոկոսը՝ մերը, հիմա իրենք իրենց այնքան արտոնյալ են զգում, որ երեք կիլոմետր պետական սահմանը հատել են ու առաջ եկել։ Դա 100, 200, 300 մետր չի, կիլոմետրով առաջ են եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Սա ասում եմ վերջին 3 ժամերի տեղեկությունների համաձյն, եթե ավելի շուտ է եղել՝ տեղյակ չեմ, բայց վերջին ժամերին անընդհատ կապի մեջ ենք վարչական ղեկավարի հետ»,-ասաց փոխքաղաքապետը։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպես է հակառակորդը ՀՀ պետական սահմանը հատել առանց որևէ կրակոցի․ Իրինա Յոլյանը պատասխանեց․ «Այդ հարցը պետք է իրավասու մարմիններին տալ, երբ մենք շարժ ենք տեսնում, խնդրահարույց իրավիճակներ ենք տեսնում՝ այդ մասին անընդհատ ահազանգում ենք, բայց երբ իրավասու մարմինները, ովքեր պատասխանատու են անվտանգության համար ու հերքումը հերքումի հետևից գնում է, անընդհատ հերքում են ստեղծված իրավիճակը՝ մի օր էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում»։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  ասաց, որ Սյունիքում՝ Սև լճի հատվածում, երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա։ Իրադրությունը շարունակում է մնալ նույնը։

«Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի  զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ:

Ինչո՞ւ է այսպես իրադրությունը:

Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա՝ որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի:

Երեկվանից քննարկվում է կամ ասվում է, որ Պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը:

Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատականը տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում, և տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ:

Հիմա տեղում ընթանում է աշխատանք: Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:

Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային: Պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, պետք է փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար:

Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որպեսզի ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել