Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Shamshyan .com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Շենգավիթ վ/շ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, իմ մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:
Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ:
Վիրավորներին մաղթում ենք շուտ ապաքինում»:
Հավելենք, որ նմանատիպ պարզաբանմամբ է հանդես եկել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում:
Ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։