Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին Astrazeneca-ով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ ապրիլի 28-ին, պատվաստվեց կորոնավիրուսի դեմ.

Այս մասին լրագրողների հետ զրույցից հետո ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հանրային շաբաթվա շրջանակներում սեփական օրինակով ցույց ենք ուզում տալ, որ պատվաստումները կարևոր, կանխարգելիչ միջոցառում են, որոնք պետք է օգնեն մեզ հաղթահարել Covid-19 հիվանդությունը և ի վերջո վերադառնալ բնականոն կյանքին»,-ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նաև շնորհակալություն հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որ համաձայնել է հանրային կերպով պատվաստվելուն։

«Կարծում եմ՝ պատվաստման գործընթացն այս տարվա կարևորագույն գործընթացներից մեկն է և նաև պատվաստման տեմպերն էականորեն ազդելու են տարբեր երկրներում ներքին կարգավորումներին, տուրիզմի, այլ երկրների հետ հարաբերությունների և տնտեսական իրավիճակի վրա։ Միանշանակ մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել ու խրախուսել, որպեսզի Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ իրենք պատվաստվել են Astrazeneca պատվաստանյութով։ Հաջորդ չափաբաժինը պետք է ստանան 2 ամիս անց։ Ավինյանը նշեց, որ պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում՝ 18 տարեկանից բարձր անձանց համար։

Նրա խոսքով՝ պատվաստանյութերի մասին տարատեսակ մանիպուլյատիվ տեղեկատվություններ են տարածվում․ «Հատուկ ենք ընտրել Astrazeneca-ն, որովհետև ամենաշատը երևի թե տվյալ պատվաստանյութի մասին է սուտ լուրեր տարածվում։ Որքանով ինձ է հայտնի՝ մոտ 200 միլիոն դեպքից ընդամենը մի քանի տասնյակ վատ դեպքեր են եղել»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել