Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 23-ին հրաման է ստորագրել, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումներ կիրականցվեն։ Հրամանի մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.11-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշման 1-ին կետով հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկի 33-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության` որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կանխարգելումը կարևոր նշանակություն ունի Հանրապետությունում տիրող համաճարակաբանական իրավիճակի կայունացման տեսանկյունից`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21- Ն հրամանի համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին`անվճար իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ:
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ
կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լ. Նանուշյանին և առողջապահության նախարարի տեղակալ Ա. Սմբատյանին»: