ԲԴԽ նախագահի աշխատասենյակը կապարազերծվել և գույքագրվել է, ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է․ հայտարարություն

Բացառապես ապատեղեկատվական հոսքերից հասարակությանը զերծ պահելու նպատակով հակիրճ անդրադառնանք նախորդ օրը զանգվածային լրատվության որոշ միջոցների, մասնավորապես դրանցից մեկի, երեկ հրապարակած մի քանի կեղծ լուրի: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է» և «Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ» վերտառություններով հրապարակումներն աղերս չունեն իրականության հետ:

«Առաջին հրապարակումը հենց նույն օրը հերքվել է, սակայն, դա չի զսպել լրատվամիջոցի համառ ջանքերը շարունակել ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել:

Հրապարակված երկրորդ տեղեկատվությունը նույնպես հորինված է, այն պարզ պատճառով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել և գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից և Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, և ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել և գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը:

Ավելին, երեկ Բարձրագույն դատական խորհրդը և աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,-նշվում էր հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել