Հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը. Արման Եղոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանը դեմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայ ռազմագերիների հարցը օրակարգ ընդգրկելուն, ասաց. «Ես որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ առումով չեմ տեսել դեռ, և քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերը պետք է ուղղել մեր պատվիրակության անդամներին, երբ նրանք կվերադառնան Երևան: Կարևորն այն է, որ հարցն ընդգրկվել է օրակարգ, որ հարցը քննարկվելու է»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցով Ռուսաստանը միջազգային հարթակներում ներգրավված է այնքանով, որ եռակողմ համաձայնագրի կողմերից մեկն է, իսկ ԵԽԽՎ-ն այս հարցում ներգրավված է այնքանով, որ գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է:

«Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, միշտ ասել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,-ասաց Արման Եղոյանը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ պատգամավորն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ո՞ր օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

«Դաշինք, թե կուսակցություն, այդ հարցն այս պահին կրկին քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա, հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել