Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրեց 2,78 մլրդ դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13,104,247.3 հազ. դրամ) ավելացրեց 2,78 մլրդ դրամով դրամով։

Առաջարկվում է «Հայստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն (13,104,247.3 հազ. դրամ) ավելացնել 2,784,565.4 հազ. դրամով։

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի փետրվարի 24-ին կայացած գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները՝ ավելացվող միջոցներն ուղղվելւ են՝

ա) թեմատիկ գիտական հետազոտություններին
բ) ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։

Միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը, մասնավորապես՝ 1162 ծրագրի «11002 Գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն» միջոցառման «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծախսային ուղղությանը հատկացնել 1,031,740.9 հազ. դրամ:

Ներկայումս գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի մեծամասնությունը չեն համապատասխանում գիտության արդի չափանիշներին: Ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Գիտական սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած են, նրանց տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտություններ, իսկ պահպանումը և շահագործումը պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ:

Գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված մրցույթներ իրականցվել են մինչև 2020 թվականը: Ներկայումս ՀՀ-ում առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով 2021 թվականին 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրի ֆինանսական ծավալը նվազել է շուրջ 500.000.0 հազ. դրամով և համապատասխան միջոցառման համար գումար չի նախատեսվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2021 թվականին անհրաժեշտ է կազմակերպել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ամենամյա մրցույթ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, ստեղծելու եզակի, թանկարժեք և խոշորամաշտաբ հետազոտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ, օպտիմալացնելու գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը, ապահովել միջդիսցիպլինար, բազմապրոֆիլ հետազոտությունների իրականցումը տարբեր շահագրգիռ կազմակերպությունների միջև:

1162 ծրագրի «11005 Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)» միջոցառման հետևյալ ծախսային ուղղություններին հատկացնել 1,338,424.5 հազ. դրամ:

Ներկայումս գիտության ոլորտի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից է գիտական կադրերի արդյունավետ վերարտադրության հարցը: Շարունակվում է գիտական կադրերի, առաջին հերթին, երիտասարդների զգալի արտահոսք գիտության ոլորտից, այդ թվում նաև` արտերկիր: Արդյունքում` գիտության ոլորտի կադրային կազմի այդպիսի փոփոխությունները բերեցին գիտության արագ «ծերացման», գիտական հետազոտությունների մասնագիտական մակարդակի որակական փոփոխության, խախտվեցին գիտական և գիտամանկավարժական դպրոցների շարունակականությունը, սերնդափոխության սահուն ընթացքը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է ավելացնել՝
• պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտոմ կադրերի ներգրավմանը և ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։
• գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը ավելացնել շուրջ 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հետազոտական խումբ ձևավորելու (արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատուի կամ գործընկերոջ առկայության պարտադիր պայմանով) և հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը, այդ թվում նաև գիտության կառավարման ոլորտում անհրաժեշտ սահուն սերնդափոխությունն ապահովելուն, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների ավելացմանը:
• առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողին (հիմնական հետազոտող) մինչև 7 հոգանոց հետազոտական խումբ ձևավորելու (արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատուի կամ գործընկերոջ առկայության պարտադիր պայմանով) և հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների ավելացմանը։ Մրցույթի իրականացումը հնրավորություն կտա ավելի էֆեկտիվ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։

Երկրի տնտեսության կարիքներից բխող, ինչպես նաև երկակի (ռազմական) նշանակության բարձր տեխնոլոգիական մրցունակ արտադրանքի ստեղծմանն ուղղված հետազոտությունների խթանման նպատակով նախատեսվում է ավելացնել ՝
• երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը շուրջ 10-ով, որոնք ուղղված են լինելու հանրապետության անվտանգության և պաշտպանունականության մակարդակի բարձրացմանը,
• կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի քանակը շուրջ 10-ով, որը հնարավորություն է տալիս գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաև մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաև ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը նպաստում է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել