Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը նվազեցնելու կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մարզում արձանագրվել է 38 անչափահասի կողմից կատարված 34 հանցագործության դեպք՝ 2019թ.-ի 15 անչափահասի կողմից կատարված 16 հանցագործության դեպքի դիմաց: Մարզի դատախազության հսկողության ներքո գտնված քրեական գործերով հանցավոր արարք կատարած անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, որոշ դեպքերում՝ ստորագրությունը չհեռանալու մասին՝ կապված հանցանքը կատարած անձի՝ քննության ընթացքում չափահասության տարիքի հասած լինելու հետ։

Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:

Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների  թերի և ոչ հետևողական աշխատանքով: 

Մասնավորապես, դեպքերը վկայում են այն մասին, որ հանցավոր հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման, ժամանակին հաշվառման, նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվել:

Բացի այդ, մարզի տարածքում պատշաճ կերպով չի ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը, հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր չեն իրականացվել։

Ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման կապակցությամբ պետական և տեղական տարբեր մարմինների համագործակցության մակարդակը բարձր չէ։

Վերը նշված և անչափահասներին վերագրվող հանցավորությանն առնչվող մի շարք այլ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով մարզի դատախազությունից միջնորդագրեր են հղվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ու Լոռու մարզպետարան: 

Միջնորդագրերի հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու Լոռու մարզպետարանում կազմակերպվել են խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Լոռու մարզի դատախազի տեղակալը և դատախազության դատախազ:

Քննարկումներին որպես մտահոգիչ փաստ արձանագրվել է, որ  երիտասարդների և հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է դանակ կրելու արատավոր սովորույթը, որի պայմաններում առավել մեծանում է նույնիսկ չնչին պատճառով վիճաբանությունների արդյունքում ծանր հետևանքների առաջացման հավանականությունը:  Ընդ  որում,  դանակ կամ այլ կտրող-ծակող առարկաները, որոնք  հայտնաբերվում են անչափահասների մոտ՝ հիմնականում տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութներում և փողոցային առևտրի կետերում դրված են ազատ վաճառքի։

Դատախազության կողմից նշվել է, որ անչափահասների հետ տարվող աշխատանքները պահանջում են համալիր մոտեցում, ուստի, ելնելով անչափահասների հանցավորության յուրահատկություններից և նշված բնագավառում օրենսդրության պահանջներից՝ պետք է իրավիճակից թելադրվող գործուն և կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն՝ ակտիվացնելով, առարկայական դարձնելով Ոստիկանության, ՏԻՄ-երի, ուսհաստատությունների միջև կապը և դրա հիման վրա պետք է մշակվեն համատեղ գործողությունների ծրագրեր: 

Հատուկ ընդգծվել է, որ անչափահասներին հանցավորությանը մղող գործոնների հարցում վճռորոշ նշանակություն ունի նաև սոցիալական հսկողության թուլացումը և շեշտվել, որ այդ առումով մեծ անելիք ունեն ուսումնական հաստատությունները, որտեղ կարող են վեր հանվել ինչպես երեխայի անձնային հատկանիշները, այնպես էլ՝ նրա դաստիարակության և զարգացման գործընթացում սոցիալական, ընտանեկան, կրթական ոլորտներում ի հայտ եկած  բացասական դրսևորումները։

Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը, անչափահասների կողմից յուրաքանչյուր հանցագործության կամ այլ իրավախախտման դեպք քննարկել առանձնահատուկ կերպով, վեր հանել դրան նպաստած պայմաններն ու պատճառները և գործուն միջոցներ ձեռնարկել Լոռու մարզում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները թե՛ քանակապես և թե՛ որակապես նվազեցնելու ուղղությամբ:

Մարզի դատախազությունը հետևողական է լլինելու նախանշված միջոցառումների իրականացման, դրանցով արձանագրվված արդյունքները համատեղ պարբերական քննարկումների առարկա դարձնելու հարցում:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել