Մինչև կհայտարարվի լռության օր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների և կուսակացությունների 1 դաշինքի համար, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնը քննարկում էր կազմակերպել` պարզելու յուրաքանչյուրի նախընտրական ծրագրերում ներառված հակակուռուպցիոն ռազմավարությունը, արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնելու տեսլականը:
Հրավիրված բոլոր 7 քաղաքական ուժերից բացակա էին «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը` որպես քաղաքի հաջողված կառավարման օրինակ, նշեց նախկին սոցիալիստական քաղաք Պրահայի օրինակը:
«Նախ և առաջ այնտեղ քաղաքապետարանի ավագանու նիստերը ուղիղ ռեժիմով հեռարձակվում են իրենց պաշտոնական վեբկայքում և ցանկացած անձ կարող է հետևել նիստերին: Բացի այդ օրակարգը մեկ շաբաթ անց դրվում է կայքում և ցանկացած քաղաքացի կարող է էլելտրոնային փոստով ուղարկել իր առաջարկություններն օրակարգի հետ կապված և հնարավոր է, որ քաղաքացու առաջարկած հարցը ներառվի այդ օրակարգում»,- նշեց Մարատ Ատովմյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով կուռուցպիան նվազեցնելու համար պետք է քիչ գողանալ:
«Ես չեմ պատկերացնում ինչ-որ մեխանիզմ, որը կարող է սահմանել հսկողություն այն պարագայում, երբ հսկողը, կոռուպցիոն ռիսկ արտադրողը, դրանից օգտվողը, հսկողը մի թիմից են»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով` պետք է կառավարման համակարգում այլընտրանքային ուժերով մրցակցություն ստեղծել:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակի անկուսակցական անդամ Ռշտուն Մարտիրոսյանի փոխանցմամբ` պետք է բացառել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների կուսակցականացումը:
«Այսօր մենք ունենք «Երևանի մասին» օրենք, որը կառավարման այս համակարգի համար կարծում եմ ամենահաջողված օրենքներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած ավագանու անդամի և խմբակցության շատ լուրջ վերահսկողական ֆունկցիաներ իրականացնել քաղաքապետարանում: Եթե լիարժեք և ազնիվ իրականացվի, ապա ես կարծում եմ, որ կարելի է մինիմումի հասցնել քաղաքում կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Ռշտուն Մարտիրոսյանը:
«Բարև Երևան» կուսկացությունների դաշինքը նախատեսում է նաև ավագանու բոլոր նիստերն ուղիղ հեռարձակել, քաղաքային կարևորագույն հարցերի վերաբերյալ տեղական հանրաքվեներ անցկացնել, քաղաքացիներին մասնակից դարձնել քաղաքային բյուջեի ծախսերի ձևավորմանը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից ավագանու ցուցակի անդամ Արթուր Մինասյանի խոսքով` նախատեսում են ստեղծել մեխանիզմներ քաղաքապետարանի բյուջեի մուտքներն ու ելքերը օնլայն դիտարկելու, հարկերն ու սպասարկման վճարները բանկային համակարգի միջոցով կատարելու, Երևանի գլխավոր հատակագծի և քաղաքային իշխանության առանցքային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակելու ուղղությամբ:
«Մենք համամիտ չենք, որ ազնվությունը կարող է չափանիշ լինել կառավարման ոլորտում, հետևաբար անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք անկախ կլինեն մարդու հատկանիշներից` ազնվություն, անկեղծություն և այլն, որոնք փոփոխական մեծություններ են և շատ հարաբերական»,-նշեց ՀԱԿ ցուցակից ավագանու անդամը:
«Օրինաց երկիր կուսակցության» ավագանու ցուցակի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ` երևանցու դժգոհությունը օրենքի գերակայության և արդարության բացակայությունից է:
«Մենք մեր ծրագրում ներկայացրել ենք և կյանքի ենք կոչելու բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտի ազատականացումը: Այսինքն` համատիրությունը չպետք է ունենա ոչինչ չանելու դիմաց գումար հավաքագրելու իրավունքը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
«Առաքելություն» կուսակցության անդամ Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ իրենց կարծիքով պետք է վերացնել համատիրությունները: Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կուսկացությունն առաջարկում է պարզապես կիրարկել մեր օրենքները:
Բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները համաձայն են մեկ հարցի շուրջ` Երևանի արդյունավետ կառավարման համար պետք է ստեղծել հակակշիռներ:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net