Այսօր՝ ապրիլի 2-ին, բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին։
«Ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը նահատակվեցին հանուն հայրենիքի․ և՛ Ապրիլյան քառօրյայի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իհարկե, եթե Ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44 օրի հերոսամարտը, ինձ թվում է, այլ ելք կունենար ու այլ ժամկետներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք սրանից ավելի ողբերգական ավարտ կարող էր ունենալ, Դավթյանը նշեց․ «Առաջինը՝ մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը։ Երկրորդը՝ կարող էր դա արվել 15-20 օրվա ընթացքում․ արդյունքը դա է»։
Արտակ Դավթյանը նշեց, որ 4-օրյա մարտական գործողությունները դասական առումով պետք չէ որակել որպես պատերազմ։
Խոսելով Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Արտակ Դավթյանն ասաց, որ ԳՇ-ում արդեն իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա, բնականոն աշխատանք է գնում։ «Դատարանի որոշումն ու մեկնաբանությունը իրավաբանների գործն է, որոնք յուրաքանչյուր դեպքում կատարում են մեկնաբանություն»,-նշեց նա։
Արտակ Դավթյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե արդյո՞ք Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Իսկանդերը կիրառվել է, թե ոչ՝ նշելով, որ այն հրապարակման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 2-ի առավոտյանˋ 8:18-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց: