Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն. Արման Թաթոյան

«Հայ ժողովուրդը երբեք չի առաջնորդվել թշնամական զգացումներով, հայ ժողովուրդը խաղաղասեր է, Հայաստանում ապրող փոքրամասնությունները՝ նույնպես: Մենք ապրում ենք Ադրբեջանի հարևանությամբ, որտեղ կա խորքային ատելություն հայերի նկատմամբ և նույնիսկ Հայաստանի հետ կապ ունեցող մարդու նկատմամբ: Ադրբեջանի իշխանությունը բացահայտ ձևով, ամենաբարձր մակարդակով հայերին համարում է իրենց թշնամին, թշնամանքը ոչ միայան էթնիկ հիմքով է, այլ նաև կրոնական հիմքով է: Խոսքը վերաբերում է նաև Թուրքիային: Ադրբեջանում պետական հովանավորչությամբ վարվում է ատելության բացահայտ քաղաքականություն»,-այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հիմա էլ հպարտանում է, որ իր երկրում մեծացել է հայերի նկատմամբ ատելությամբ լցված երիտասարդ սերունդ:

«Օրինակ 2021 թվականի հունվարին 15-ին, երբ Իլհամ Ալիևը Շուշիում էր, հպարտությամբ նշել է, որ իրենց մոտ 2003 թվականի 10-12 տարեկան երեխաները, որոնք հիմա 27-32 տարեկան երիտասարդներ են, լցված են թշնամու նկատմամբ ատելությամբ և այս պատերազմի արդյունքները հենց այս դաստիարակության արդյունքներն են եղել»,-նշեց ՀՀ ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը գնում է ցեղասպան քաղաքականության մասին, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները ցեղասպան քաղաքականության մաքուր հատկանիշներ են:

«Մենք ակնհայտ տեսնում ենք, ինչպես են Արցախում պղծվում կամ ոչնչացվում հայ առաքելական եկեղեցու կոթողները, սրբավայրերը և այլն: Ադրբեջանի նախագահի հայտնի բառերն են, ասում է՝ մենք վռնդելու ենք հայերին շների պես, նա այս կոնցեպցիան ազդարարեց 2020 թվականի հոկտեմբերի 17-ին և օրեր անց նրանք սկսցեցին անօդաչու թռչող սարքերի արտադրություն, որը կոչվեց «Իթի գովան», այսինքն վռնդել շների պես»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով միջազգային դատական ատյանի հաստատված որոշումներ, որ Ադրբեջանում սպանությունները, բռնությունները հայերի նկատմամբ ունեն էթնիկ շարժառիթներ:

«Իմ երկար տարիների փորձն այս ոլորտում ցույց է տալիս, որ Ադրբեջանական իշխանություններն արտաքին աշխարհին բոլորովին այլ բան են ցույց տալիս, որ խաղաղություն են ուզում, խաղաղության են պատրաստ, բայց իրականում նրանց զինվորները երազում են, երբ առիթ կունենան հայերին մորթելու, սպանելու, խոշտանգելու, բռնության ենթարկելու: Մենք պետք է լինենք այն գիտակցումով, որ մենք ունենք մեր հարևանությամբ ապրող պետություն, որը շատ բարձր մակարդակի հովանավորվող թշնամանքով է տրամադրված մեր հանդեպ»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա նշեց, որ հայերը չպետք է ողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա և խաղաղություն քարոզեն, քանի որ այսպես, թե այնպես Ադրբեջանը և Թուրքիան հայերին համարում են իրենց թշնամին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել