COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։
Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության և մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:
Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։
Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:
Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:
Որևէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:
ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային մահեր և այլ տառապանքներ:
Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»: