81 կողմ, 15 դեմ ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:
Նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են երկրորդ ընթերցմամբ քննարկման համար: Նախագծից դուրս է եկել դատական սանկցիաների հետ կապված հատվածը: Մի շարք կանոնակարգումներ ևս հանվել են նախագծից:
Վարդանյանն անդրադարձավ նաև բավականին մեծ քննարկում առաջացրած կանոնակարգմանը, որը վերաբերում էր մեկ դատավորից գործեր վերցնելուն և մյուսին հանձնելուն:
«ԲԴԽ-ն ունի լիազորություն՝ բաշխելու և վերաբաշխելու գործերը: Դատական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է առանձնակի բարդության գործերի հետ կապված ընթացակարգեր: Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը ԲԴԽ-ի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում առանձին տեսակի կամ բարդության այն գործեր, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են վերաբաշխվել ԲԴԽ-ի սահմանած կարգով»,-ասաց պատգամավորը: