Ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը․ Սերժ Սարգսյանը դատարանի բակում ուղերձ հղեց

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրի մոտ է։

Քիչ անց կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

«Երկու տարի առաջ սկսվեց, կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան։ Հիշում եք, անցյալ տարի, հենց այստեղ, ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին, ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք, ձեզ հետ միասին, զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները։ Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային այլ շատ ճչացող ապօրինություններ։ Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Եվ հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան։ Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ՝ հսկայական զոհերով ու հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը։ Եվ այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի համար։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից՝ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք սրտի հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Կապիտուլյանտները պետք է հեռանան։ Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին, այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա։

Հարգելի հայրենակիցներ, հարգելի կուսակիցներ, այս 3 տարիների ընթացքում, մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, մեր շարքերը բյուրեղացան և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար։ Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ես ապացուցել եմ՝ ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր սատարման համար, այստեղ գտնվելու համար և ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչև դատական նիստի ավարտը, որովհետև մեզնից յուրաքանրյուրը և հատկապես այս իրավիճակում ունի բազմթիվ գործեր։

Ուզում եմ բոլորս միասին կոչենք՝ կեցցե Հայաստանը»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել