Սահմանվել են պատերազմի հետևանքով տուժած փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվել են պատերազմի հետևանքով տուժած փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր, ինչպես նաև հաստատվել է այդ օրերը ընտրելու կարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ըստ այս նոր նախաձեռնության, փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշված օրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, որը ներառելու են հետևյալ միջոցառումները՝

1) զոհվածի շիրիմին այցելելը.
2) զոհվածի հիշատակի համար միջոցառում կազմակերպելը.
3) փաստաբանի ընտանիքին նվեր փոխանցելը.
4) փաստաբանի ընտանիքին անհրաժեշտ աշխատանքներին (այդ թվում՝ այգեգործություն, վերանորոգում) մասնակցելը.
5) փաստաբանի ընտանիքին հյուրընկալելը.
6) այլ միջոցառում իրականացնելը:

Նշված նախաձեռնությամբ Փաստաբանների պալատը նպատակ ունի գոտեպնդել պատերազմի հետևանքով տուժած փաստաբանների ընտանիքներին, ինչպես նաև օրինակ ծառայել հայրենիքի պաշտպանների նկատմամբ մյուս մասնագիտական համայնքների կողմից հատուկ ուշադրություն դարձնելու հարցում»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել