ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ, ինչպես տեղեկացրել էինք նախօրոք, ուսուցչի բացակայությամբ որևէ առարկա չդասավանդող մարզային դպրոցների համար իրականացնում ենք էլեկտրոնային ուսուցմամբ աջակցության ծրագիր, որը հնարավորություն է տալու ընտրել մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչներն այնուհետև կիրականացնեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում այդ առարկաների ուսուցումը՝ էլեկտրոնային ուսուցման եղանակով, բնականաբար վճարովի հիմունքներով։ Այս մոտեցմամբ կօգնենք թե այն դպրոցներին, որտեղ երեխաները որևէ առարկա չեն ուսանում՝ ուսուցչի բացակայության պատճառով, թե կզարգացնենք դպրոցների կարողությունները՝ էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ՝ միաժամանակ խթանելով դպրոցական փոխօգնությունը։
Այժմ հայտարարված է մրցույթ մենթոր դպրոցների ընտրության համար։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է։ Խնդրում եմ տարածել և դիմել»։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են․
Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝
- կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ/մասնագետ,
- կիրականացվի մենթորի էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում,
- վերապատրաստումից հետո մենթորը կառաջնորդի իր դպրոցի ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացումը։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող դպրոցների աշակերտներին՝ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի 7-րդ կետին համապատասխան։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ՝ ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը՝
- մոտիվացիոն նամակ 1-ից 2 էջ (նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝ (i) ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին, (ii) էլեկտրոնային ուսուցման ի՞նչ փորձառություն և կարողություն ունի դպրոցը, (iii) ինչպե՞ս է տարբերվում էլեկտրոնային ուսուցման մեթոդաբանությունը, (iiii) ինչպե՞ս է էլեկտրոնային ուսուցումը փոխում ուսումնառությունը և այլն),
- տեղեկատվություն դպրոցի տեխնիկական հագեցվածության մասին,
- ուսուցչի/ուսուցիչների ինքնակենսագրությունները (CV) (առկայության դեպքում կցել էլեկտրոնային դասավանդման փորձառությունը հաստատող նյութեր՝ հավաստագիր, տեսադասի և վեբինարի հղում, նյութ և այլն), որոնք դասավանդելու են բացակայող առարկաները (տե՛ս առարկաների ցանկը):
Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 1-ն է։
Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո կկազմակերպվի այց մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դպրոցներ՝ ներկայացված կարողություններին տեղում ծանոթանալու համար։
Հարցերի դեպքում խնդրում ենք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարել 00374 10 57 84 55 (ներքին համար 301):
N | Առարկա |
1 | Մայրենի |
2 | Հայոց լեզու և գրականություն |
3 | Պատմություն |
4 | Հայ եկեղեցու պատմություն |
5 | Մաթեմատիկա |
6 | Քիմիա |
7 | Ֆիզիկա |
8 | Կենսաբանություն |
9 | Աշխարհագրություն |
10 | Ինֆորմատիկա |
11 | Ռուսաց լեզու |
12 | Օտար լեզու |
13 | Շախմատ |
14 | Ֆիզկուլտուրա |
15 | ՆԶՊ |
16 | Տեխնոլոգիա |
17 | Կերպարվեստ |
18 | Երգ, պար, երաժշտություն |