Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 միլիարդ դրամի չափով:
Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են: «Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,-ասաց Մարտին Գալստյանը՝ նշելով, որ շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկը, բայց ներելու ամբողջ բեռը մնում բանկի վրա:
ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը մեծ թվով վարկեր վերանայել կամ ներել են: «Մասնավորապես շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,-ասաց Գալստյանը: