Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով իմ բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ և ողբերգական մահվան մասին։
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օլիվիե Դասոն իր երկրին ու ժողովրդին նվիրյալ քաղաքացի էր ու քաղաքական գործիչ, ում կյանքն ու գործը նպատակաուղղված էին հայրենիքը տնտեսապես և քաղաքականապես հզորացնելուն։ Նա ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ կազմակերպիչ, այլև արվեստագետ, որի համար լուսանկարչությունը սովորական հոբբի չէր:
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա՝ Հայաստան այցի ժամանակ: Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը:
Օլիվիե Դասոյի մահը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային գործարար և քաղաքական շրջանակների համար։
Անկեղծ ցավակցությունս եմ հղում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ իր արժանի զավակի մեծ կորստի կապակցությամբ։
Սարգսյան ընտանիքի անունից ցավակցում և զորակցում եմ իմ վաղեմի բարեկամի ընտանիքին: