«Խոստացել էր տուն վերադառնալ»,-ասում է արցախյան պատերազմում զոհված Սերգեյ Պետրոսյանի քույրը՝ Լիանա Պետրոսյանը։
2001 թվականի օգոստոսի 16-ին Իջևան քաղաքում է ծնվել Սերգեյը․ «Երկու քույրերի հոգատար ու թանկ պաշտպանը»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում նշում է քույրը։
Քրոջ խոսքով՝ եղբայրը սիրում էր երգել, ուրախ էր, ժպտերես ու բարի։
Սովորել է Իջևանի քոլեջում և ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ։
«Հունվարի 7-ին Սեյգեյը բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության, ծառայել է Արցախում, Մարտունու զորամասում։ Ամեն անգամ ընտանիքին ուժ ու վստահություն էր տալիս։»,-ասում է քույրը։
Քույրը պատմում է, որ մինչև կռվի սկսվելը մեքենան պայթեցրել էին, հրաշքով փրկվել էր։ Պատերազմի ընթացքում հասցրել է 5 վայրերում կռվել հերոսն ու փայլուն կատարել առաջադրանքները։
«Թեժ կռիվների մեջ էլ զանգում և դուխ էր տալիս մեզ, խոստմանը հավատարիմ մնալով։ Իմ հետ խոսելիս կրակոցի ձայներ էին լսվում, երբ հարցնում էի թե ի՞նչ ձայներ են, խաբում ասում էր՝ բոշկան ընկավ, կամ էլ ասում էր՝ ես կռվում չեմ, որ գիշերը հանգիստ քնենք»,-պատմում է քույրը։
Լիանան պատմում է, որ Սերգեյն իր 4 ընկերների հետ 3 օր շրջափակման մեջ է եղել, սակայն նրանց հաջողվել էր դուրս գալ շրջափակումից․ «Նա փրկել էր իր ընկերոջ կյանքը։Ընկերների հետ 1 դիրք էին գրավել Ֆիզուլիի շրջանում։ Գրավել էր թշնամու «Ուրալ» մակնիշի մեկ մեքենա, որի մեջ կար զենք ու զինամթերք։ Ու 700 մետր հեռավորությունից կրակոցների միջով մեքենան հասցրել էր հայկական կողմին»։
Հարազատները վերջին անգամ Սերգեյի հետ խոսել են հոկտեմբերի 22-ին։
Սերգեյը հայրենիքի համար պաշտպանության մարտերում զոհվել է 2020 թվականի ոկտեմբերի 23-ին Ֆիզուլիում։