«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումներ են սպասվում։ Դրանք հատկապես վերաբերում են 90 և ավելի տարեկան, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
Այս մասին մարտի 17-ին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
« 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք և կենսաթոշակառուները, ովքեր 90-ից ավել տարիք ունեն՝ իրենց մասով որոշակի բարեփոխում ենք իրականացնում։ Բոլորս գիտենք, որ 12 ամիսը մեկ անհրաժեշտություն կա, որ կենսաթոշակառուն բանկ ներկայանա, որպեսզի իդենտիֆիկացվի, որ ինքը Հայաստանում է գտնվում և 12 ամիս շարունակ ստանա այդ կենսաթոշակը։ Մեր բարեփոխումը վերաբերում է նրանում, որ այդ դրույթը դուրս գա նշված անձանց համար, այսինքն իդենտիֆիկացումը կկատարվի տնայցերի միջոցով, սոցաշխատողները կայցելեն և իրենց կենսաթոշակը կշարունակվի վճարվել առանց բանկ այցելելու։
Մյուս բարեփոխումը վերաբերում է այն ծնողներին, ովքեր իրենց խնամակալության տակ ունեցել կամ ունեն հաշմանդամություն ունեցող երեխա։ Մինչ այս, օրենքով հաշվվում էր, որ խնամակալության տարին մինչև 10-ն էր ընդգրկվում՝ ի լրումն իր աշխատանքային ստաժի, այսինքն կենսաթոշակի դուրս գալուց երեխայի խնամքի մինչև 10 տարին էր հաշվի առնվում, այս փոփոխությամբ կհաշվարկվեն մինչև չափահասության տարիները՝ ամբողջությամբ»,-նշեց փոխնախարարը։
Դավիթ Խաչատրյանի խոսքով, նախատեսվում է նաև, որ 90 տարին լրանալուն պես քաղաքացիների կենսաթոշակը ավելանա, միգուցե՝ ոչ թե մեկ անգամ, այլ ամեն տարի՝ որոշակի չափով։ Այս տարիքում գտնվող շուրջ 11 հազար անձ կա։ Թե որքան գումար կավելանա՝ դեռևս հաշվարկվում է։
«Իհարկե նախընտրելի է ավելի մեծ խումբ ներառել, եթե ոչ՝ բոլորի վրա, բայց պետք է նշել, որ մեր բարեփոխումները սկսում ենք առավել խոցելի խմբերից»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում կգնահատվի նաև 80 և ավել տարիքի անձանց կենսաթոշակի հարցը։