Տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգի ուղղությամբ կառավարությունը շարժվում է վստահ քայլերով: Այդ մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ ենք արդեն ֆիքսել՝ մեր հրատապ խնդիրը Հայաստանի ներսո՞ւմ է, թե՞ Հայաստանի շուրջ զարգացումներում:

«Ըստ էության, մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

Հաղորդավարը հետաքրքրվել է՝ խոսքն անվտանգային նոր համակարգի մասի՞ն է, եթե հաշվի առնենք, որ նախկինը պարտվել է: Վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եվ պետք է արձանագրել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ: Օրինակ, շատերն ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական առումով չի միջամտել ղարաբաղյան պատերազմին:

Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս: Դրանից դուրս, ըստ էության, նման պարտավորություններ ձևակերպված չեն: Եվ, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են: Եվ դա պետք է խոստովանել: Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին, մենք, իհարկե, պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին՝ կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով: Բացի դա, իհարկե, պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում: Ե՛վ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք: Սա թերևս ամենակարևոր անելիքներից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել