Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով գնացին ինչպես ոստիկանության, այնպես էլ Ազգային անվտանգության շենքի մոտ։ Այժմ ցուցարարները հավաքվել են «Մոսկվա» կինոթատրոնի բակում։
«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներն ավարտեցին այսօրվա երթը և հայտարարեցին վաղվա ու հաջորդ օրերի իրենց ծրագրերի մասին: Միևնույն ժամանակ, ընդդիմությունն այս ամբողջ ընթացքում առաջին անգամ չի բացահայտի հաջորդ գործողությունների վայրը և ժամանակը: Նրանց կողմնակիցներն այդ մասին կիմանան վաղը: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ փետրվարի 25-ից նմանատիպ գործողություններ և երթեր կանցկացվեն ամբողջ հանրապետությունում:
«Չի բացառվում, որ այլ բողոքի ակցիաների մասին լսեք ռադիոյով, շարժման ֆեյսբուքյան էջով կամ ԶԼՄ-ներով։ Վաղը, վստահ եմ, ձեզ տեսնելու ենք տարբեր փողոցներում, տարբեր հաստատությունների մոտ։ Հանդիպում ենք վաղը, ժամը հատուկ չենք ասում, վայրերը մնում են անակնկալ»,-նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
Ցույցն ավարտվեց։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ էին անում Երևանի փողոցներով։ Քայլերթը մեկնարկել էր Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնացին դեպի Ազգային անվտանգության ծառայություն, այնուհետև՝ ոստիկանություն։