Շարունակում են հայտնաբերվել ռինովիրուս, ադենովիրուս և գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ․ ԱՆ

Գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում փետրվարին վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակում են հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, ադենովիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Դրա լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել