Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ նաև պատասխանատվություն և ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման:
«Մրցույթով նպատակ ունենք այս կերպ ևս բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Շատ կարևոր է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչը նպաստավոր է որակական առաջընթացի, հետաքրքրությունների ընդլայնման, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանման և կարողությունների բացահայտման առումով: Սիրելի՛ երիտասարդներ, ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված շատ անելիքներ ունենք մեր պետության կայացման և առաջխաղացման գործում: Ջանք մի՛ խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու, լավագույն ապագան կերտելու համար: Խորը ցավով եմ նշում, որ մեր ուսանողները ևս հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց կորցրած ապագային: Լավագույնները միայն ներկաները չեն. դուք լավագույնների ներկայացուցիչն եք, քանի որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն և ուսանողություն: Դուք պետք է գիտակցեք, որ այս երկրի իրական տերն եք ու մեր երկիրը տանելու եք դեպի զարգացում և հզորացում: Անվտանգությունը սկսվում է կրթությունից. մտքով ու գաղափարով պետք է ապահովենք մեր անվտանգությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ուսանողներին մաղթելով անսպառ եռանդ, բարձր պատասխանատվություն, սեր և նվիրում նախընտրած ոլորտում։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դժվարությամբ է ընտրել լավագույններին, քանի որ մրցույթն անցել է բավականին մրցակցային պայմաններում. «Չնայած մեր երկրին պատուհասած մարտահրավերներին՝ համավարակին և Արցախյան գոյամարտին, այդուհանդերձ, որոշում կայացրեցինք անցկացնել մրցույթը, քանի որ հատկապես նման իրավիճակում կարևոր է ընդգծել գիտելիքի դերը, իսկ այս մրցույթը հենց դրա մասին է: Հիմա, առավել քան երբևէ, ուսանողները պետք է լավ սովորեն՝ կիրթ ու կարողունակ հասարակություն և զարգացած պետություն ունենալու համար»:
Մրցութային հանձնաժողովի անդամ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրել է, թե ինչպես և ինչ սկզբունքով են ընտրել լավագույններին։ Լավագույնը ճանաչված ուսանողներին ողջունել ու շնորհավորել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը:
Նշենք, որ մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: Մրցույթում հաղթող են ճանաչվել 38 ուսանողներ, որոնք ներկայացրել են հանրապետության 16 բուհ: 1-ին տեղ է գրավել 13 ուսանող, որոնց կշնորհվի 415.000 դրամ, իսկ 2-րդ տեղ՝ 13 ուսանող, որոնք կստանան 305.000 դրամ կրթաթոշակ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 12 ուսանողի կշնորհվի 220.000 դրամ կրթաթոշակ: Բացի դրանից՝ ուսանողների համար նախարարությունը պատրաստել էր նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք տպագրվել են գերատեսչության դրամաշնորհներով:
Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտներից կազմված ջազային քառյակի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կատարումներով:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի խոհարարության, Երևանի հումանիտար քոլեջի կարպետագործության և գորգագործության, Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի դիզայնի և կարի տեխնոլոգիայի, Երևանի զարդարվեստի ուսումնարանի փայտի գեղարվեստական մշակման և ոսկերչության, Երևանի ինֆորմատիկայի քոլեջի մեխոտրոնիկայի և ռոբոտաշինության, Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի գինեգործության և փայտի գեղարվեստական մշակման, ինչպես նաև Արարատի պետական քոլեջի գինեգործության բաժինների ուսանողների ցուցահանդեսը: