Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ստորագրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում Համլետ Ասատրյանի թեկնածությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ որոշում։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«2021 թվականի փետրվարի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 134-րդ հոդվածի 11-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․
1. Հանրապետության նախագահին առաջարկել Համլետ Նորիկի Ասատրյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը
Համլետ Ասատրյանը ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես ցրիչ։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես թարգման։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Արդարատադության նախարարության վիճակագրական խումբում՝ առաջատար խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականից աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 թվականի հունվարի մեկից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին, ով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: