ԱԻՆ-ը՝ սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերի մասին

Համացանցում լուրեր են շրջանառվում, իբրև Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

«Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է:

Հորդորում ենք հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժ է գրանցվել նաև փետրվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել