Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Ոստիկանությունում առանձին ծառայությունների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:
Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին գործառույթների իրականացմանը:
Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net