Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) աշխատանքային պայմանագրի լուծում:
Առանձին կատեգորիայի աշխատողների համար օրենքով կարող են սահմանվել նաև կարգապահական այլ տույժեր:
Օրենքով չնախատեսված կարգապահական տույժերի կիրառումն արգելվում է:
Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը:
Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
Կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չհաշված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները:
Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է վեց ամիս:
Նշենք, որ կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net