Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում․ Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։

Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։

Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո` հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։

Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։

Խիղճ և խաղաղություն բոլորիս…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել